ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ընդդեմ Մարինետիի

Ընդդեմ Մարինետիի
04.11.2019 | 14:44

1944-ին վախճանված Ֆիլիպո Թոմազո Մարիետին հաստատ գերեզմանում մի քանի պտույտ գործեց՝ Հայաստանում «մշակութային հեղափոխության մի մասից»՝ «ՀուԶանք ուԶանգ» ներկայացումից հետո: Նախ՝ որովհետև հնարավոր է անհեթեթությանը հատկացնել 2 միլիոն 700000 դրամ՝ պետական մակարդակով, իսկ ամենակարևորը, որ 21-րդ դարում արատավորվում է ֆուտուրիզմ հասկացությունը: Ինքն ասում էր՝ «Մենք ամենաբարձրից մարտահրավեր ենք նետում աստղերին»:

Ու՞մ են մարտահրավեր նետում հայերը: Իրենք իրենց: Ինչու՞: Հենց այնպես: Ինքնարտահայտման համար: Որովհետև տգետ են: Որովհետև պատմություն չգիտեն: Որովհետև կարծում են՝ ձևը արտահայտում է բովանդակություն, երբ բովանդակություն չկա: «ՀուԶանք ուԶանգ» ներկայացումը որևէ կապ չունի Սորոսի, սատանիզմի եւ այլ պիտակավորումների հետ»՝ ասել է «Իմ քայլը» խմբակցության ավագանու քարտուղար Հասմիկ Խաչունցը, որ դարձել էր դերասան: Շնորհակալություն, խորին շնորհակալություն, որ ԻՊ-ի Աժ պատգամավորները չեն դարձել «ներկայացման» մաս: Հասմիկ Խաչունցը հայտարարել է. «Սա 1920-ական թվականների հայ ֆուտուրիստ պոետների ժամանակակից վերընթերցում էր` միահյուսված ժամանակակից պարի, ճարտարապետության եւ հանրային տարածքում մարմնի ներկայության մասին»: Աբսուրդ: Իսկ Հասմիկ Խաչունցը գոնե գիտի՝ ովքեր են այդ հայ ֆուտուրիստ պոետները: Գիտի՞ ֆուտուրիզմի մանիֆեստները, որ որոշել է «ժամանակակից վերընթերցում» կազմակերպել: Եթե գիտի, ուրեմն ոչինչ չի հասկացել ոչ Չարենցից, ոչ Կարա Դարվիշից: Պարզապես լսել է, որ հետհեղափոխական շրջանում եղել են մանիֆեստներ, բայց չի լսել՝ ի՞նչ էին ասում հայ, իսկ նրանցից առաջ իտալացի, իսպանացի, ռուս ֆուտուրիստները: Առավելևս տեղյակ չէ, որ Չարենցը ՉԱՐԵՆՑ չի դարձել, որովհետև «Ռոմանս անսեր» է գրել, կամ Մայակովսկին իր ֆուտուրիզմով չի մնացել համաշխարհային մշակույթի պատմության մեջ: Ոչ էլ Մարինետին: Կամ՝ Ալֆրեդ Դյոբլինը: Միով բանիվ՝ սեփական տգիտությունը պետք չէ փաթաթել 1920-ականների վզին:

Ոչ էլ մարդկանց մեղադրել չիմացության մեջ կամ զոհի կերպարանք ընդունել՝

«Ժամանակակից արվեստ է կատարվում, որն անսովոր է, պետք է մարդկանց ճիշտ բացատրել: Ես բացարձակ նեղացած չեմ մարդկանցից: Միջոցառումը ֆինանսավորված է եղել Կրթության, գիտության սպորտի եւ մշակույթի նախարարության կողմից, այնպես որ պետական աջակցություն կա եւ այնտեղ հասկացել են` ինչի մասին է խոսքը»՝ ասել է մերօրյա «ֆուտուրիստը»: Մնում է նրան ուղարկել նախարարություն՝ այնտեղ էլ իր ներկայացումը ներկայացնելու: Բայց ոչ հրապարակավ: Մեզ՝ «անհասկացողներիս» վրա չարժի ժամանակ ծախսել: Մենք, միևնույն է, այնքան հետամնաց ենք, որ կարծում ենք՝ ժամանակակից արվեստի մեջ էլ պետք է արվեստ լինի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Կա նաև ավելին՝ «Մենք ենք արել հեղափոխությունը եւ մենք նաեւ պատասխանատու ենք մշակութային հեղափոխության համար: Սա մշակութային հեղափոխության մի մասն է, որը վերհիշում է անցյալը, չի մոռանում ներկան եւ պատասխանատու է ապագայի համար»՝ հայտարարել է Հասմիկ Խաչունցը:

Այս հայտարարությունից հետո մնում է մի պարզունակ ցանկություն՝ բռնել այդ նորելուկ հասարակական գործչի ձեռքը, տանել … գրադարան ու պարտադրել, որ կարդա այն, ինչ «վերհիշում է», պարտադրել, որ մոռանա այն ներկան, ինչ պատկերացնում է ու արգելել մտածել «ապագայի համար»:

Համենայն դեպս՝ հավելեմ՝ ֆուտուրիզմը գրականության պատմության մեջ մնաց իբրև հակաավանդույթի գագաթնակետ, չունեցավ ապագա ու ձուլվեց 20-րդ դարի այլ գեղարվեստական հոսանքներում: Եվ աղոթեք Աստծուն, որ 21-րդ դարի հայ «ֆուտուրիստները» դեռ չեն հասել ուլտրայականությանն ու դադաիզմին: Այ դա կլիներ «մշակութային հեղափոխություն»: Հակառակ նշանով:

Դիտվել է՝ 3001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ